💥 Վատիկանի՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է Բաքու: Պաշտոնական առիթը Հովհաննես Պողոս 2-րդ պապի անունով տաճարի առաջին քարը դնելու արարողությունն է: Գալագերի այցը սակայն եռօրյա է, հանդիպելու է նաեւ արտգործնախարար Բայրամովին:
Այս այցը ուշադրության է արժանի նրանով, որ մի քանի օր առաջ Գալագերը Մալթայում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարին՝ ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակում: Հանդիպման բովանդակության մասին առանձնապես մանրամասներ կարծես թե չեն հանրայնացվել:
Կարող ենք դիտարկել, որ Միրզոյանի հետ Սուրբ Աթոռի պաշտոնյայի հանդիպումը հնարավոր է լիներ նոյեմբերի 18-ին Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման «շարունակություն»: Բաքվում Գալագերը կունենա՞ հայ-ադրբեջանական թեմայով կոնկրետ անելիք: Հավանական է, որովհետեւ Սուրբ Աթոռը կարծես թե մերձավորարեւելյան վերջին զարգացումներում ընդգրկված առանցքային կողմերից մեկն է, ինչի մասին վկայում է օրինակ այդ զարգացումներից ընդամենը չորս-հինգ օր առաջ Իրանի նախագահ Փեզեշկիանի նամակը Հռոմի Պապին:
Ընդ որում, դրա մասին հայտնի դարձավ Հայաստանի վարչապետի Վատիկան այցից երկու օր անց, իսկ այդ այցից երեք օր առաջ էլ տեղի էր ունեցել Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույց, իսկ երկրորդ հեռախոսազրույցը տեղի ունեցավ Փաշինյանի Վատիկան այցից եւ Փեզեշկիանի՝ Հռոմի Պապին նամակից երկու-երեք օր անց:
Համմենայն դեպս ոչ սովորական ինտենսիվությամբ ժամանակագրություն է: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ այդ օրերին էլ Հռոմի Պապի հետ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը:
Ի դեպ, հետաքրքիր է շատ՝ Պապն ինչու՞ կտրականապես հրաժարվեց Աստվածամոր տաճարի վերաօծման առիթով Փարիզ այցելելուց: 🇦🇲🇻🇦🇮🇷🇦🇿🇫🇷🇺🇸
💥 Ինչպես խոստացա, մի քիչ հանգամանալից անդրադարձ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ վրաց ժողովրդին հղած ուղերձին: Հիշեցնեմ, որ Մակրոնը ուղերձը բացատրում է նրանով, որ լրացել է Վրաստանին անդամության կարգավիճակ շնորհելու մեկ տարիՆ
Բայց, նաեւ հիշեցնեմ, որ խորհրդարանի ընտրությունից որոշակի ժամանակ առաջ հենց Եվրամիությունն էլ որոշեց կասեցնել այդ կարգավիճակը:
Հարց կառաջանա, թե ինչու՞, որովհետեւ Վրացական երազանքը ժողովրդավար չէ՞ր: Բայց չէ՞ որ անդամության թեկնածուի կարգավիճակ տալիս Վրաստանում այդ նույն Վրացական երազանքն էր կառավարող ուժը: Շատերը կասեն՝ դե, ընդունվեց օտարերկրյա գործծակալների մասին հայտնի օրենքը:
Դա էլ փաստարկ չէ, որովհետեւ 2023-ի դեկտեմբերին Վրաստանին անդամության թեկնածուի կարգավիճակ տալիս հայտնի էր, որ Վրացական երազանքը պատրաստել է այդ օրինագիծը եւ հայտարարել այն ընդունելու հաստատակամության մասին: Մինչդեռ, Եվրամիությունն անդամության թեկնածուի կարգավիճակ տալլիս բոլորովին չէր ասել, թե տալիս է պայմանով, որ օրինագիծը չեղարկեն:
Վրաստանին անդամության կարգավիճակի տրամադրումն ուներ առաջին հերթին շատ պարզ մի պատճառ: Այդ ժամանակ Ուկրաինայի շուրջ իրավիճակը այնպիսին էր, որ Կիեւին պետք էր տալ քաղաքական ուժեղ աջակցություն, քանի որ ԱՄՆ-ում հանրապետական-դեմոկրատ պայքարի պատճառով արդեն շաբաթներ շարունակ չէր ընդունվում Ուկրաինային օգնության փաթեթը եւ Կիեւը հայտնվել էր շատ բարդ վիճակում: Այդ փուլում որոշվեց քաղաքական աջակցությամբ շնորհել ԵՄ-ին անդամության թեկնածուի կարգավիճակ:
Կիեւին տալ այդ կարգավիճակը, իսկ օրինակ Մոլդովային կամ Վրաստանին՝ ո՞չ: Դա կլիներ զավեշտալի, ակնհայտ ցույց կտար, որ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանում են միայն Ռուսաստանի դեմ պատերազմելու դեպքում: Այդ իսկ պատճառով, հնարավոր չէր Վրաստանի առնչությամբ էլ չկայացնել այդ որոշումը, հատկապես, եթե Վրաստանը իր ստանդարտներով ակնհայտորեն ավելի առաջ է Ուկրաինայից ու Մոլդովայից:
Այդ որոշման մյուս մոտիվն այն էր, որ Եվրամիությունն այդ կերպ դիտարկում էր Վրաստանին «կապելու» հնարավորություն, որ, ստանալով այդ կարգավիճակը, Թբիլիսին այն չկորցնելու համար կսկսի արդեն լինել առավել «ենթարկվող»:
Բայց, Վրացական երազանքն էլ իհարկե շատ լավ պատկերացնում էր, որ այդ կարգավիճակը՝ անդամության թեկնածու, բացարձակապես չի նշանակում մոտալուտ անդամություն: Առավել եւս այն պայմաններում, երբ հենց ինքը Եվրոպան կանգնած է լուրջ վերաձեւումների դիլեմայի առաջ, այն էլ՝ հենց Ֆրանսիայի նախագահի հայտարարություններն են վկայում այդ մասին:
Թբիլիսին որոշեց չգնալ առեւտրի, այսինքն հրաժարվեց «գնել» «անդամության թեկնածուի»՝ վաղուց դեվալվացված կարգավիճակը:
Միեւնույն ժամանակ, Վրացական երազանքը բոլորովին չէր հայտարարում, թե հրաժարվում է դեպի Եվրամիություն ուղղուց: Պարզապես, կրկնեմ, միանգամայն ռացիոնալ հաշվարկով, ունենալով նաեւ Ուկրաինայի օրինակը, լինելով առավել գերզգայուն ռեգիոնում եւ գոտում, Վրաստաննը նախընտրեց այդ ուղին անցնել ոչ թե աչքով ու մտքով կույր ռեժիմում, այլ՝ իրողություններից բխող սառը հաշվարկների:
Քաղաքական ներկայիս համատեքստի առնչությամբ, կապված Ֆրանսիայի նախագահի ուղերձի, դրա պահի հետ, տեսակետս արդեն ներկայացրել եմ եւ կարող եք գտնել այս գրառման սկզբի հղումով, եթե չեք կարդացել նախօրեին:
Անկասկած է, որ Մակրոնն ու Իվանիշվիլին սկսել են քննարկել որեւէ սցենար, եւ այդ քննարկումը ընթանալու է ոչ միայն խոսակցությամբ, այլ զուգահեռ՝ շարունակվող դիմակայությամբ:
💥 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել վրաց ժողովրդին, Եվրոպական Միությանն անդամության թեկնածության տրամադրման տարեդարձի առիթով: Դա իհարկե առիթն է, սակայն բուն պատճառն ըստ իս այն իրադրությունն է, որ այսօր կա Վրաստանի շուրջ:
Մեկ տարի առաջ ինչպես հայտնի է ԵՄ-ն Վրաստանին տվեց անդամության կարգավիճակ, սակայն այսօր Վրաստանի իշխանությունն ինքն է հայտարարել, որ օրակարգից հանում է անդամության բանակցության հարցը մինչեւ 2028 թվական:
Այս թեման կփորձեմ քիչ ավելի հանգամանալից դիտարկել վաղվա ընթացքում: Առայժմ Ֆրանսիայի նախագահի ուղերձի առիթով արձանագրեմ, որ դա փաստորեն տեղի է ունենում Վրաստանի կառավարող ուժի՝ Վրացական երազանքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցից երկու օր անց: Իսկ հեռախոսազրույցն իր հերթին տեղի ունեցավ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Տրամպի՝ Աստվածամոր տաճարի օծման առիթով Փարիզ կատարած այցից երեք օր անց:
Այդ այցից առաջ նկատել էի, որ ըստ ամենայնի դրա ընթացքում կլինեն որոշակի էական զարգացումներ կապված նաեւ Վրաստանի հետ: Եվ այցից փաստորեն երեք օր անց եղավ Մակրոնի հեռախոսազրույցը: Իսկ հիմա՝ ուղերձը: Հեռախոսազրույցի մասով ուշագրավը այն է՝ կրկնեմ, որ դա տեղի է ունենում մի մարդու հետ, որը չի զբաղեցնում որեւէ ֆորմալ պաշտոն Վրաստանի կառավարման համակարգում: Այսինքն, սա վկայում է, որ Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը եղել է շատ էական հարցերի շուրջ, եթե նա ցանկացել է խոսել հենց Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Հաղորդագրությունը հայտնում էր, որ պայմանավորվել են ավելի ուշ դարձյալ ունենալ հեռախոսազրույց: Իսկ պայմանավորվե՞լ էին, որ Մակրոնը կդիմի վրացիներին ուղերձով, կամ՝ Մակրոնը Իվաննիշվիլիին հայտնե՞լ է այդ մասին, որ ունի նման մտադրություն: Թե՞ դա անակնկալ է Վրացական երազանքի առաջնորդի համար: Այստեղ էական է այն, որ Ֆրանսիայի նախագահի ուղերձը փաստորեն նախորդում է Վրաստանի նախագահի ընտրության քվեարկությանը:
Ուղերձի բովանդակությունը ընդհանուր առմամբ մի կողմից ունի բազմիմաստ տողատակ, մյուս կողմից իհարկե ընդհանուր առմամբ հիշեցնում է տեղեկատվա-քարոզչական շաբլոն:
Բայց, ըստ իս դա չէ էականը, այլ ինքնին հանգամանքը, որ Տրամպի այցից հետո Ֆրանսիայի նախագահը ակտիվանում է վրացական ուղղությամբ: Չի բացառվում, որ Տրամպն այդ առնչությամբ արտահայտել է իր որոշակի մոտեցումները, որոնք մտադիր է կիրառել պաշտոնամուտից հետո, բայց՝ ոչ շուտ, որովհետեւ նա հայտարարեց, որ իր համար անգամ Մերձավոր Արեւելքից ավելի գերակա է Ուկրաինայում դադարի հասնելը: Հետեւաբար, Վրաստանով նա առավել եւս շուտ չի զբաղվի:
Ըստ այդմ, կամ Տրամպը այդ հարցը «պատվիրակել» կամ «հանձնել» է Մակրոնին, որն էլ փորձում է գուցե գտնել ինչ որ լուծում, կամ Մակրոնն ինքը փորձում է Եվրոպայի համար նպաստավոր ինչ որ լուծման հասնել, քանի դեռ Տրամպը չի մտել «թեմայի մեջ», երբ Եվրոպան կարող է դառնալ պարզապես «դիտորդ»:
Հիշեցնեմ, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել էր, որ իրենք սպասում են Տրամպի պաշտոնամուտին եւ նրահետ «կխոսեն ամեն ինչի մասին»:🇬🇪🇫🇷🇺🇸
💥 Նախիջեւանի համազորային բանակի հրամանապատար Սեյիդովը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2024 թվականի հուլիսին, Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի զինուժի ցամաքային զորքերի հրամանատար Բայրաքթարօղլուի հետ:
Վերջին երկու օրերի ընթացքում սա թուրք-ադրբեջանական ռազմական-պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների երրորդ հանդիպումն է: Հիշեցնեմ, որ նախօրեին Բաքվում պաշտպանության նախարար Հասանովը ընդունել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարին, ընդ որում նրան զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի «օպերատիվ իրավիճակը», իսկ Անկարայում էլ Թուրքիայի պաշտպանության նախարարը ընդունել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարին:
Նախիջեւանի համազորային բանակը ստեղծվել է 213 թվականի հրամանագրով եւ ըստ էության գործում է 2014 թվականից: Այն ներառում է թուրքական էքսպեդիցիոն կորպուս: Այդ համազորային բանակը ստեղծման օրից ղեկավարում էր գեներալ Մուստաֆաեւը, որը պաշտոնը թողեց 2024-ի հուլիսին: Ի դեպ, ուշագրավ է, որ դրանից երկու ամիս առաջ նա այցելել էր Իրան՝ մայիսին: 2024 թվականի մայիսն իհարկե ադրբեջանա-իրանական առումով մշտապես հիշվելու է Իբրահիմ Ռեյիսիի ողբերգական մահվան դեպքով, որը տեղի ունեցավ իրան-ադրբեջանական սահմանին Իլհամ Ալիեւի հետ նրա հանդիպումից հետո՝ հանդիպումից վերադառնալիս:
Ընդ որում, ավելորդ չէ հիշեցնել, որ այդ առնչությամբ եղան մեդիահրապարակումներ, որ մայիսի 18-ի կիրակի օրը նախատեսվում էր Ռեյիսիի եւ Փաշինյանի հանդիպում հայ-իրանական սահմանին՝ Քաջարանժ-Մեղրի ճանապարհի շինարարության առիթով, որն իրականացվում է իրանական կողմի հետ, սակայն Ալիեւը պնդել է, որ Խուդափերինի ՀԷԿ շահագործման առիթով ադրբեջանա-իրանական հանդիպումը լինի նախագահների մակարդակով եւ Ռեյիսին մեկնել է այնտեղ, չեղարկելով հանդիպումը հայ-իրանական սահմանին:
Թե Իրանը, թե Հայաստանը այդպես էլ չհաստատեցին եւ չհերքեցին հայ-իրանական սահմանին ծրագրված հանդիպման եւ դրա չեղարկման մասին տարածված տեղեկությունները:
Վերադառնալով Նախիջեւանի համազորային բանակին, հարկ է նկատել, որ ադրբեջանական կողմից այն կազմում է բանակային հինգերորդ կորպուսը:
Այստեղ հարկ է նկատել, որ 2016 թվականին էլ կնքվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է 2017 թվականին: Այդ զորախմբի հայկական միավորումը Հայաստանի բանակի 5-րդ կարպուսն էր, որն այժմ կարծես թե վերանվանվել է հատուկ բանակային կորպուս: Ռուսական մասը 102-րդ ռազմակայանն է:
Ի դեպ, ինչպիսի՞ն է այդ համաձայնագրի ռեժիմն այժմ, այն գործու՞մ է, թե ոչ: Կարծես թե այդ համաձայնագիրը որեւէ կերպ չեղարկված չէ, հետեւաբար պետք է եզրակացնել, որ այն իրավական գործող ռեժիմ է: Սակայն պարզ չէ, օրինակ կա՞ դրա վերաբերյալ այնպիսի մի «թնջուկ», ինչպիսին Հայաստան-ՀԱՊԿ հարաբերության վերաբերյալ: Համենայն դեպս նկատենք, որ հայ-ռուսական Միացյալ զորախմբի մասին քննարկումներ կարծես թե չկան:
Համենայն դեպս, ինքս կարծում եմ, որ Հայաստանը պետք է անի առավելագույնը, այդ ռեժիմն աշխատանքային պահելու համար: Չունենալ իհարկե պատրանք, չունենալ ավելորդ սպասումներ, միշտ սպասել, որ այն կարող է չաշխատել, բայց մեր մասով անել առավելագույնը աշխատանքային ռեժիմը պահելու համար, որպեսզի չաշխատելու դեպքում ռուսական կողմը չկարողանա դրա չաշխատելը արդարացնել Երեւանով:
🔴🔴🔴 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է երկրի նոր վարչապետ՝ 73-ամյա Ֆրանսուա Բայրուն, որը իր իսկ հիմնադրած Դեմոկրատական շարժում կուսակցության նախագահն է: Կուսակցությունը կենտրոնամետ ուժ է:
Փաստորեն, աջ-պահպանողական Միշել Բարնիեյի կառավարությանը խորհրդարանի անվստահությունից հետո վարչապետ է նշանակվում կենտրոնամետ ուժի ներկայացուցիչ: Հաշվի առնելով Ֆրանսիայի ներքաղաքական իրավիճակը, մեծ է հավանականությունը,, որ Բայրուն երկար չի մնա կառավարության ղեկավարի պաշտոնին: Թեեւ, ըստ իս, վարչապետների հաճախակի փոփոխությունը ներկայիս նախագահ Մակրոնի համար յուրօրինակ քաղտեխնոլոգիա է, այսպես ասած գոլորշի բաց թողնելու հնարքներ, որ կիրառում է հմտորեն:
Բոլոր դեպքերում, եթե աջ պահպանողականին փոխարինում է կենտրոնամետ վարչապետ, ապա պետք է ենթադրել, որ հաջորդ վարչապետը կլինի արդեն ձախ:
Սա իհարկե կեսկատակ, թեեւ չպետք է մոռանալ, որ Ֆրանսիայի խորհրդարանի՝ հուլիսին կայացած արտահերթ ընտրությանը հաղթել էին ձախերը: Նախագահ Մակրոնը նրանց հաղթանակից հետո մոտ երեք ամիս չէր ձեւավորում կառավարություն եւ ի վերջո սեպտեմբերին նշանակեց Միշել Բարնիեյին:
Բարնիեն սակայն երեք ամիս անց էլ փաստորեն ենթարկվեց խորհրդարանի անվստահության քվեարկությանը, ընդ որում՝ ձախերն ու ծայրահեղ աջերը քվեարկեցին նույնական:
Մակրոնը, որ բավականին ուժեղ քաղաքական ճնշման տակ է եւ ունի նաեւ լուրջ տնտեսական խնդիրներ, այս կերպ թերեւս մի փոքր էլ կշահի ժամանակ:
Այս դեպքում սակայն էական հարց է նաեւ այն, թե նա Փարիզում ինչ է խոսել Դոնալդ Տրամպի հետ: Տրամպը կաջակցի՞ նրան նախագահի պաշտոնը մինչեւ 2027 թվական պահպանելու համար, թե՞ կուժեղացնի ճնշումը Եվրոպայի վրա, որը կարող է ավելի ծանրացնել Ֆրանսիայի նախագահի դիրքերը: Հատկանշական է, որ Մակրոնը նոր վարչապետ նշանակեց Տրամպի այցից հետո, այլ ոչ թե դրանից առաջ, թեեւ ըստ էության ուներ ժամանակ:
Սա անմիջապես Տրամպի այցի հետ կապելու հիմք չունեմ, սակայն դիտարկում եմ ընդհանուր համատեքստի մեջ: Ըստ իս, Մակրոնի դիրքերի տեսանկյունից էական է լինելու այն, թե նա որքանով կհաջողի Ուկրաինայի հարցում եվրոպական քաղաքականության նարատիվներ ձեւավորելու իմաստով: Տրամպի այցից անմիջապես հետո Մակրոնը մեկնեց Լեհաստան, որպեսզի վարչապետ Տուսկի հետ քննարկի Ուկրաինա խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը: Տեղեկություն չկա՝ Տուսկը համաձայնե՞լ է, թե՞ ոչ: Սա լինելու է շատ բարդ հարց, եթե նկատի առնենք, որ խաղաղապահ ուժերի հանգամանքը եվրոպացի առաջնորդների համար դիտարկելի կլինի սեփական շահի տեսանկյունից, իսկ այդ շահերը նրանց պարագայում՝ շատ տարբեր են: 🇫🇷
💥 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւ նախօրեին հերթական անգամ հայտարարել էր, թե ԵՄ դիտորդները պետք է այլեւս չանեն մոնիտորինգ հայ-ադրբեջանական սահմանին: Հաջիեւը առաջին անգամ այդ մասին խոսել էր հոկտեմբերի 26-ին, այն բանից հետո, երբ սահմանազատման ու սահմանագծմման կանոնակարգերը ստորագրեցին Հայասանի նախագահը՝ վավերացման գործընթացից հետո, եւ Ադրբեջանի նախագահը՝ առանց ներպետական վավերացման գործընթացի:
Այսինքն, դա նշանակում էր, որ Հայաստանը կանոնակարգին տվել է ավելի բարձր իրավական կարգավիճակ ու նշանակություն, քան Ադրբեջանը: Սա ի գիտություն, թեեւ սրանից պետք է անել որոշակի հետեւություններ:
Վերադառնալով ԵՄ դիտորդների հարցին, Հաջիեւը անում է շատ էական մի հիշեցում: Ընդ որում, ինքս դրա մասին խոսել եմ հարցազրույցների եւ գրառումների ընթացքում: ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումը կայացվել է Պրահայի հայտնի հանդիպմանը՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ջերմուկի հարձակումից երեք շաբաթ անց, որն էլ իր հերթին տեղի ունեցավ Բրյուսելում Միշելի հովանու ներքո հանդիպումից երկու շաբաթ հետո:
Ավելի ուշ պետք է դառնար հայտնի, որ Պրահայի հանդիպմանը Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: ԵՄ դիտորդների մասին որոշումն ահա այս փաթեթի մաս է, որին մասնակից է եղել նաեւ Ադրբեջանը: Բաքուն հիմա հիշեցնում է դա, եւ դա հիշեցնում է ոչ այնքան Հայաստանին, որքան Եվրամիությանը:
Երկոու ամիս անց լրանում է Հայաստանում տեղակայման ժամկետը եւ բնականաբար պետք է կայացվի նոր որոշում, ԵՄ առաքելությունը երկարաձգում է իր ներկայությունը, թե՞ ոչ: Ադրբեջանն այդ որոշմանն ընդառաջ բարձրացնում է խաղադրույքը, գինը:
Դա իր հերթին նշանակում է, որ այդ ժամանակահատվածը կարող է որոշակի «տուրբուլենտություն» առաջացնել նաեւ սահմանային իրավիճակի առնչությամբ, հատկապես, երբ Ադրբեջանը սկսել է խոսել այն մասին, որ ԵՄ դիտորդները ոչ թե խաղաղության գործոն են, այլ՝ լարվածության:
Իսկ ԵՄ դիտորդները այլ բան չեն, քան ընդամենը յուրօրինակ քաղաքական «առեւտրային բորսա»: Ադրբեջանը հիմա այդ «բորսայում» փորձում է բարձրացնել իր «ակցիաները», եւ թերեւս անելու է առավելագույնը եվրոպական ակցիաները «գցելու» համար: Ինչո՞վ եւ ինչպե՞ս է իր ակցիաների գինը պահելու Եվրամիությունը, եւ գլխավորը՝ ու՞մ հաշվին:
🔴🔴🔴 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանում որեւէ ընտանիք իր համար չի ծախսում ավելի շատ, քան այդ ընտանիքի համար ծախսում է պետբյուջեն:
Սա մանիպուլյատիվ բնույթի դասական հայտարարություններից է, որի վարպետն է Նիկոլ Փաշինյանը: Բայց, այստեղ իհարկե հարկ է ընդգծել, որ այդ «վարպետությունը» գնահատելու համար պետք է լինել դատողական մտածողությունից զուրկ, պետք է չունենալ գրագիտության բավարար աստիճան: Կամ այլ կերպ ասած՝ պետք է լինել անգետ:
Որովհետեւ միայն անգետը կարող է սպառել այդօրինակ հայտարարություն: Եվ Նիկոլ Փաշինյանը դա լավ գիտե: Եվ փաստացի ստացվում է, որ մի ձեռքով իբրեւ թե «հանրահռչակելով» կրթվելը, մյուս ձեռքով Փաշինյանն անում է գրառումներ, որոնք սպառման ենթակա են միայն «չկրթվածների» շրջանում:
Դա ընդամենը ցույց է տալիս այն, ինչի մասին արտահայտվել եմ մի քանի անգամ, որ կրթության «հանրահռչակման» արշավը ունի գերազանցապես քարոզչական նպատակ եւ որեւէ սկզբունքային առնչություն չունի կրթության իրապես կարեւորությանը միտված քաղաքականության հետ:
Կամ, այդօրինակ գրառումներն իհարկե կարող են սպառել մարդիկ, որոնք շատ լավ հասկանում ու պատկերացնում են, որ դա երեսպաշտություն ու մանիպուլյացիա է, բայց առաջնորդվելով հարմարվողականությամբ գերադասում են հավանելը: Բայց, դա արդեն այլ խոսակցության նյութ է:
🔴🔴 CNN-ը ռեպորտաժ է անում Սիրիայի բանտից, ցույց տալու համար, թե ինչ անմարդկային պայմաններում է Ասադի ռեժիմը պահել կալանավորներին: Բայց, անկեղծ ասած, նայում ես ռեպորտաժում կալանավորին, ու բոլորովին չկա տպավորություն, թե այդ մարդը անմարդկային ռեժիմում ամիսներ, շաբաթներ կամ օրեր ապրած մարդ է: Ես իհարկե որեւէ կերպ կասկածի տակ չեմ դնում այն, որ Ասադը իշխանությունը պահել է բռնի ուժով եւ բանտերում մեղմ ասած չէր կարող չլինել բռնություն: Բայց, այդ ամենի մասին ռեպորտաժներն էլ գոնե մի քիչ ճշմարտանման լինեն, այլապես վերածվում են հեռուստադիտողի հանդեպ ծաղրի: 🙂
Читать полностью…🔥Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը ասում է, որ հավաստի տվյալներ ունեն՝ Սիրիայում տեղի ունեցածն ԱՄՆ ու սիոնիստական վարչակազմի ձեռքի գործն է:
Իսկ ի՞նչ պետք է ասի Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը իրանցիներին: Պետք է ասի, որ Սիրիայում պարզապես պայմանավորվել են ու դու՞րս եկել, նպատակահարմար չգտնելով դիմադրելը՝ տարբեր պատճառներով:
Այստեղ իհարկե մեզ համար կա հետեւյալ հարցը: Մինչեւ Սիրիան կար մի յսպիսի տրենդ կամ նարատիվ՝ մեր միակ դաշնակիցը կամ բնական դաշնակիցը Իրանն է եւ Իրանն է Սյունիքը խահել ու պահում, եւ պահելու, հետեւաբար պետք է առավելագույնն անել Իրանի հետ լինելու համար:
Հիմա, Սիրիայից հետո, մմյուս ծայրահեղությունն է կարծես թե ձեւավորվում՝ «սա էլ Իրանը, ինչպե՞ս կարելի է հույս դնել Իրանի վրա»:
Գործնականում, ինչպես ասում են ճշմարտությունը ինչ որ տեղ մեջտեղում է, ոչ թե ծայրաեղությունից ծայրահեղություն պատեպատ խփվելու մեջ: Իրանը կարող է օրինակ Սիրիայում նահանջել, պայմանական եմ ասում՝ որ կարողանա չնահանջել Կովկասում: Ես չեմ պնդում, ես չունեմ որեւէ բան պնդելու հիմք, չեմ մասնակցում Իրանի անվտանգության խորհրդի նիստերին կամ չեմ ստանում Գերագույն առաջնորդին ներկայացվող գաղտնի զեկուցագրերը:
Ես պարզապես փորձում են դիտարկել հնարավոր մեխանիկան: Եթե մի տեղ կա նահանջ, ապա դա դեռ չի նշանակում տոտալ նահանջ ամենուր: Այո, կարող է եւ նշանակել այդպես, բայց իրերի դրությանն այդպես նայելը մեղմ ասած պրոդուկտիվ չէ:
Ինչի մասին է խոսքը: Երբ մենք դիտարկում ենք Իրանի աջակցության, գործակցության հնարավորությունը, բնականաբար դա պետք է դիտարկենք հաշվարկով, այլ ոչ թե՝ հավատով: Այսինքն, դու պետք է հաշվարկես, որ Իրանը ունի քեզ հետ լինելու, քեզ աջակցելու, քո կարմիր գիծը պահելու շահ, հետեւաբար դու ունես Իրանի հետ աշխատելու տեղ: Բայց, դրանով հանդերձ, պետք է նաեւ դիտարկես, որ Իրանը վաղը կարող է ունենալ այլ առաջնահերթություն ու հաշվարկ, հետեւաբար չարդարացնել քո հաշվարկները: Բայց, դրա մեղավորը Իրանը չէ, որ կլինի, այլ դու, որ հարաբերությունը կառուցել ես ոչ թե հաշվարկով, այլ հավատով:
Որովհետեւ, հաշվարկը պետք է ենթադրի թե այն, որ Իրանն ունի ընդհանուր շահ, հետեւաբար մոտիվ, եւ թե այն, որ այդ շահը կարող է ենթարկվել տակտիկական փոփոխության եւ հետեւաբար կարող է փոխվել նաեւ հաշվարկը:
Դա նշանակում է ունենալ բազմաստիճան, բազմակողմ, բազմանկյուն մեխանիզմներ:
Ըստ այդմ, պետք չէ նայել Սիրիային ու հիաաաթափվել Իրանից: Իրանի հետ մեր հարաբերությունը դա մեր հարաբերությունն է, հետեւաբար այն պետք է կառուցել ոչ թե Սիրիայի օրինակից բխող եզրակացությամբ, այլ մեր հաշվարկից բխող եզրահանգումներով, որոնք անկախ Սիրիայի օրինակի լինել-չլինելուց, հենց մեր իսկ օրինակով պետք է վաղուց հասկանալի դարձրած լինեին, որ ուժային կենտրոնների տակկտիկան կարող է փոխվել: Իսկ այն, ինչ նրանց համար տակտիկական շարժ է՝ հետ ու առաջ, որպիսին իրենք որպես կայսրություն ունեցել են դարերով տասնյակ եւ գուցե հարյուրավոր, հազարավոր անգամներ, մեզ համար ունենում է ընդհուպ ռազմավարական նշանակություն:
Կրկնեմ, Իրանի հետ պետք է շարունակել սերտ աշխատել, չընկնելով թե այս, թե այն ծայրահեղության մեջ:🇦🇲🇮🇷
🔴 Երկու օր է կարդում եմ Երեւանից Բաքու չվերթի մասին: Չէի անդրադառնա, եթե այդ օրինակը չվկայեր, թե տեղեկատվական առումով որքան խոցելի է հանրությունը ժամանակակից միջավայրում:
Շաբաթներ առաջ Երեւանից Բաքու դարձյալ եղել է չվերթ: Օրինակ, եթե որեւէ մեկը մտներ Զվարթնոց օդանավակայանի կայք, ապա կտեսներ դա: Այդ չվերթով Երեւանից Բաքու մեկնեց Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը, որը Ադրբեջանի Cop29-ի մեկնելու ճանապարհին երեք ժամով այցելեց Հայաստան:
Որեւէ աօտարերկրյա պաշտոնյա, պատվիրակություն, միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, որը պետք է ժամանի Բաքու, իսկ հետո Հայաստան, կամ Հայաստան՝ հետ Բաքու, բնականաբար պետք է չարտերային չվերթով Երեւանից թռչի Բաքու կամ Բաքվից՝ Երեւան:
Կրկնեմ, սա մշտապես տեղի ունեցող գործընթաց է:
Բայց հանկարծ երեկ այն դառնում է լայնորեն տարածվող լրահոսի առարկա, զբաղեցնելով հանրային ուշադրություն, միտք, էներգիա: Միայն թե այդ ամենը չուղղվի առավել առարկայական հարցերի:
🔴🔴🔴 Նույնիսկ ավելորդ է հիշեցնել «հաց եւ տեսարաններ» հայտնի բանաձեւը, այն առնչությամբ, ինչ տեղի է ունենում Հակոբ Ասլանյան «արարով»:
Հացի հարցում իհարկե կան խնդիրներ: Օրինակ, եթե Հայաստանի տնտեսությունից հանենքն այսպես ասած խաղային սեգմենտը եւ վերաարտահանում կոչվածը, ապա տակը գործնականում կմնա մի մեծ հացի խնդիր:
Բայց, այդ իսկ պատճառով պետք է ավելացնել ու ինտենսիվացնել տեսարանները: Դրա ներքո իհարկե կան մի շարք այլ ենթաշերտեր: Ես հեռու եմ մտքից, թե պրոցեսը Փաշինյանի համար կառավարելի չէ, թե ինչ որ բան «դեմ է առել Աղազարյանի խոփին», կամ Ասլանյանի, եւ այլն:
Այս պրոցեսը, ըստ իս, Փաշինյանի համար ոչ միայն կառավարելի է, այլ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու՝ հենց նա է խթանում ներիշխանական շարժերը:
Հարցերը, որ առաջանում են օրինակ հանրության մոտ, թե՝ այյս բարդ արտաքին միջավայրում, անվտանգային մարտահրավերների պարագայում ինչով է զբաղված Փաշինյանը, նույնպես առաջանում են նաեւ նրա այսպես ասած քաղաքական թիմի մոտ: Այլ բան է, որ նրանք բնականաբար չեն բարձրաձայնում այդ հարցերը: Բայց դրանք չեն կարող չառաջանալ նրանց գլխում: Ըստ իս, այդ գլուխների մեծ մասը այդուհանդերձ «դատարկ» չէ, թեեւ իհարկե կան նաեւ այդպիսիք:
Բայց, կրկնեմ, մեծ մասն ըստ իս բոլորովին «դատարկ» գլուխներ չեն: Եվ Նիկոլ Փաշինյանը գիտե դա: Հետեւաբար, պետք է զբաղեցնել ոչ միայն հանրությանը, այլ նաեւ սեփական թիմին, նրանց գլուխները չթողնել «հանգիստ» ռեժիմում, որպեսզի դրանց պարունակությունը չհայտնվի աշխատանքային «ազատ ռեժիմում»:
Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրը լուծելու հարցում դրսեւորում է նախանձելլի աշխատասիրություն: Համենայն դեպս, եթե ես լինեի նրա քաղաքական հակառակորդը, ապա այդ աշխատասիրությանն իսկապես կնախանձեի: Ամբողջ հարցն այն է, որ Փաշինյանը չունի քաղաքական հակառակորդ: Հարցն այն չէ, որ չունի ընդդիմախոսներ: Ունի, բազմաթիվ, հետեւողական, գաղափարական, շատերը միանգամայն անկեղծ, տաղանդավոր, ճարտար: Բայց, քաղաքական հակառակորդը դա չէ, այլ համակարգը:
Չկա համակարգ, որը կաշխատի, կգործի նրա դեմ: Մեծ հաշվով այն նույն վիճակն է, որ կար մինչեւ 2018 թվականը, այսինքն չկար համակարգ-ընդդիմություն: Ի վերջո Հայաստանում 2018 եղավ ոչ թե ընդդիմության, այլ հենց կառավարող համակարգի կամքով կամ բերումով, երբ այդ համակարգն այլեւս չուներ իր դիրքերը պահելու ցանկություն՝ ինչ-ինչ պատճառներով: Եվ այստեղ թող իզուր տեղը համակարգի տարբեր այլ սեգմեննտներից «տակառ» չգլորեն Սերժ Սարգսյանի, կամ Միքայել Մինասյանի ուղղությամբ:
2018 թվականը տեղի ունեցավ, որովհետեւ դրան իրենց առնվազն պասիվ հավանությունը տվել էին Հայաստանը մինչ այդ կառավարածծ համակարգի բոլոր սեգմենտները, ամեն մեկն ունենալով 2018-ի արդյունքում իր համար շահեկան սցենարային ակնկալիք, իսկ գուցե նույնիսկ արտաքին որեւէ խոստում:
Այսօր էլ, եթե չձեւավորվի ընդդիմություն-համակարգ, որը կհասունացնի այլ քաղաքական ստատուս-քվո, իրավիճակի փոփոխություն լինելու է կամ կառավարող ուժի «ներսից», եթե դա ունենա պահանջարկ Նահանգներում եւ Ռուսաստանում: Հայաստանում դեռ երբեք չի եղել եւ առաջիկայում էլ թերեւս չի լինի իշխանության փոփոխություն առանց այդ երկուսի հավանության:
Այդ երկուսի միջեւ տեղի է ունենում առեւտրային նոր փուլ: Նիկոլ Փաշինյանը հիանալի պատկերացնում է դա, եւ փորձում իշխանության ներսում ստեղծել նոր իրավիճակ՝ արտաքին անհրաժեշտությամբ հնարավոր քայլերի իր համար առավել նպաստավոր «հենման կետ» ունենալու համար:
💥 Աստվածամոր տաճարի օծման առիթով Փարիզում անցկացվող միջոցառմանն ընդառաջ գրեցի, որ հանգստյան օրերին Ֆրանսիայում ըստ ամենայնի էական զարգացումներ կլինեն Վրաստանի առնչությամբ: Փարիզ էր մեկնել նաեւ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է:
Սակայն ամենից էականը թերեւս այն էր, որ Ֆրանսիա մեկնել է նաեւ ԱՄՆ ընտրված նախագահ Տրամպը, որի պաշտոնամուտին սպասելու եւ բոլոր հարցերը նրա հետ քննարկելու մասին էր հայտարարել Վրաստանի վարչապետ Կոբախիձեն: Վրացական երազանքը Տրամպի «դավանա-գաղափարական» քաղաքական գծի մեջ է:
Եվ ահա, հանգտսյան օրերից հետո տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազրույցը, ընդ որում ոչ թե Վրաստանի վարչապետի հետ, այլ ֆորմալ իմաստով որեւէ պետական պաշտոն չզբաղեցնող, բայց իհարկե Վրաստանի իրական առաջնորդ Իվանիշվիլիի հետ:
Սա նշանակում է, որ խոսակցությունն ունի իրապես առարկայական, գործնական, հիմնարար բնույթ: Չի բացառվում, որ Մակրոնը Իվանիշվիլիի հետ խոսում է Տրամպի հորդորով: Սակայն, ինչպես նշել եմ շատ ավելի վաղ, դեռեւս ամիսներ առաջ, երբ ակտիվանում էին քննարկումները Վրաստանի առնչությամբ, որ Ֆրանսիայի համար պարզապես սխալ կլինի Վրացական երազանքի հետ բախումը: Եթե Վրացական երազանքը պահի իշխանությունը Վրաստանում, ապա բախումը Ֆրանսիայի համար գործնականում կարգելափակի կովկասյան խաղի հնարավորությունը:🇫🇷🇬🇪🇺🇸
🔥 Գործնականում, մեծագույն վրիպումը (սա մեղմ բնորոշումն է, պարզապես որեւէ մեկին ակամա չվիրավորելու համար) կլինի այն, եթե մենք հայ-ամերիկյան հարաբերության հարցը եւ հեռանկարը կապենք ու չափենք ամերիկա-ռուսական հակադրության պատկերով:
Եվ այդ համատեքստում, հավասաարապես «վրիպում» է թե հայ-ամերիկյան հարաբերության ջատագովությունն ընդդեմ Ռուսաստանի, թե հայ-ռուսական հարաբերության ջատագովությունն ընդդեմ ԱՄՆ-ի՝ երբեմն նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունն ու կապերը հակառուսականության տագնապով ներկայացնելու առումով:
Հայաստանի ռազմավարական գերխնդիրն այն է, որ մենք առնվազն մեր մտածողության, մեր քաղաքական մտքի համայնապատկերում, մեր պետական հոգեբանության կառուցվածքում եւ հանրային աշխարհընկալումներում հասնենք մի նվազագույն, բազային հենման կետի.
մենք շատ կարեւոր ենք համարում մեր հարաբերությունը համաշխարհային ուժի բոլոր կենտրոնների, առավել եւս երկու միջուկային գերհզոր տերությունների հետ, մենք նրանցից որեւէ մեկի հետ կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ ու կարծիքներ, բայց մենք նաեւ համոզված ենք, որ այդ տարակարծությունները կամ տարբեր մոտեցումները մենք պետք է կառավարենք անմիջականորեն հենց նրանց հետ սերտ աշխատանքով:
Մենք պետք է գանք այն ելակետային համոզման ու հոգեբանության, որ չի կարելի է միջուկային գերտերություններին դիտարկել «այլընտրանք», այլապես նրանք ընդամենը կծիծաղեն մեր այդպիսի պատկերացումների վրա, եթե անգամ հարգալից ու քաղաքավարի ժպտան մեզ:
Շատերը կհամարեն, որ միջուկային գերտերությունները «թքած ունեն», թե ինչ ես դու մտածում, քանի որ իրենք քեզ դիտարկում են այսպես ասած՝ «մեկը մյուսի դեմ» տրամաբանությամբ:
Այստեղ սակայն կա մի նրբերանգ: Նրանք այդպես են դիտարկում քեզ, երբ ինքդ ես քեզ դիտարկում այդպես: Եթե քո հանրության, եւ առավել եւս տնտեսա-քաղաքական առաջատար խմբերի, էլիտաների, կառավարող համակարգգը կազմող ուժերի համար դու կամ պետք է լինես ԱՄՆ հետ՝ ռուսների դեմ, կամ ռուսների հետ՝ ԱՄՆ դեմ, ապա միանգամայն բնական է, որ թե ԱՄՆ, թե ռուսսները՝ ամեն մեկըյուրովի, իր ոճի շրջանակում, բայց «թքած է ունենալու», թե ինչ ես դու մտածում:
Բայց, երբ մեր վերնախավային միտքը, հոգեբանությունը, աշխարհընկալումն ու մտածողությունը դուրս է այդ բաժանումներից եւ կա վեերը նշածս կոնսենսուսային նվազագույն հենման կետը, ապա մեզ աստիճանաբար սկսելու են դիտարկել որպես գործընկեր:
Ընդ որում, հենց դա է, որ ըստ էության տարբերում է աշխարհաքաղաքականության բեվեռների միջեւ հայտնվող արդյունավետ եւ անարդյունավետ սուբյեկտներին: Եվ դրա համար եմ նշում, որ մեր գլխավոր անելիքը նախ ինքներս մեզ հետ է, մեր կյանքում է, մեր գլխում է, հետո նոր արդեն դրա ազդեցությունը արտաքին միջավայրում:
⚡️ Մի փոքր էլ, եւ մարդիկ, որոնք մինչեւ նոյեմբերի 5-ը Տրամպին ներկայացնում էին գրեթե Պուտինի եւ Ալիեւի դաշնակից եւ զրոյացնում նախագահ դառնաալու նրա շանսերը, կսկսեն արդեն հայտարարել, թե իրենց այդ դիրքորոշումները իրականում դեմոկրատների զգոնությունը բթացնելու համար էր, որ հաղթի Տրամպը:
Այդպես նրանք կհիմնավորեն, որ մեծ ներդրում են ունեցել Տրամպի հաղթանակի հարցում: 😁
🔥 «Մեր բոլոր խնդիրները կրթությունից է»:
Եթե չգիտես ինչ ասել ու անել՝ ասա կամ արա այդ արտահայտությունը:
Մեզանում գործում է մի այդպիսի չգրված կոնսենսուս, որ առկա է այսպես ասած տնտեսա-քաղաքական, հասարակական-քաղաքացիական «վերնաշերտում»:
Այդ արտահայտությունը վերը նշածս «վերնաշերտի» այսպես ասած՝ ինդուլգենցիան, կամ՝ «ինքնաինդուլգենցիան» է: Այդ արտահայտությամբ, մարդիկ, որոնք պատասխանատու պետք է լինեին կամ լինեն՝ Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսական հարաբերությունների, հանրային համակեցության մշակույթի փոփոխությունների, արդիականացման, հասարակական հարաբերությունների նոր «ստանդարտների» ներդրման, դրա ներառականության համար, իրենք իրենց «մեղքերին» թողություն են տալիս:
Ենթատեքստը հետեւյալն է՝ դե, մենք չեն հաջողել եւ հաջողում, որովհետեւ էս ժողովուրդը անկիրթ է, կրթություն չունի, չգիտե կրթությունն ինչ է, եւ այլն, եւ այլն:
Ստացվում է գլխիվայր շրջված հերթական պատկերը: Այսինքն, հանրային խմբեր ու շերտեր, որոնք հանրությանըմ, ժողովրդին պետք է հաղորդեն սեփական ուժերի, կարողության, նկարագրի հանդեպ վստահություն, գործնականում հաղորդում են հետեւյալը՝ «դու անկիրթ ես»:
Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ մենք ունենք կրթվածության խնդիր, ունենք կրթական համակարգի խնդիր, որ այդ համակարգը պետական կենսունակության ու հանրային առաջադիմականության անկյունաքարային գործոն է:
Բայց, մեզանում այդ խնդիրը բոլորովին էլ ավելին չէ, քան այլ հանրություններում, անգամ արդիական կրթական համակարգ ունեցող հասարակություններում:
Մեզանում այդ խնդիրը սրացվում է անհարկի, ընդամենը այսպես ասած առաջադիմական շերտերի անարդյունավետությունը արդարացնելու համար՝ «դե մենք ինչ անենք, ժողովուրդն անկիրթ է»:
Կրկնեմ, կրթությունը շատ կարեւոր է, կրթական համակարգը՝ անչափ կարեւոր, բայց մեր հանրությունից պետք չէ «կերտել» այսպես ասած անկիրթների մի բանակ, որոնց պետք է կրթել, օրինակ ավելի, քան նույնիսկ ցանկացած միջին վիճակագրական եվրոպական հանրույթի:
Վերնախավեր, կամ այսպես ասած վերնախավեր ու առաջատար խմբեր, ձեր անարդյունավետությունը, «անճարությունը», հանրային եւ պետական ռեֆորմներ իրականացնելու, դրանց օրակարգ ձեւավորելու անկարողությունը մի փորձեք վերագրել հանրության «Չկրթվածությանը»:
Եթե ամեն ինչ պայմանավորված է դրանով, ապա կրթված հանրության էլ ինչի՞ն եք դուք պետք, դուք՝ «կրթվածներդ»:
Ձեր «կկրթվածությունը» ընդամենը նրա համար է, որ այդ դիրքից ուղղակի, թե անուղղակի խոսեք մյուսների «չկրթվածության» մասի՞ն՝ բոլոր խնդիրները վերագրելով դրան, իսկ իրականում՝ պարզապես ազատվելով խնդիրներ լուծելու անկարողության պատասխանատվությունից:
⚡️⚡️⚡️ Ասում ենք՝ Ասադը ընկերություն էր անում Էրդողանի հետ, դրա համար էլ վերջը եղավ սա, ինչպե՞ս կարելի էր ընկերություն անել Էրդողանի հետ:
Ասադը անձամբ ձեզ հավաստիացրել է, որ Էրդողանն իր ընկե՞րն է, երդվե՞լ է՝ որ ընկերն է: Հարգարժան ընկերներ, իսկ մեզ ո՞վ ասաց, որ մենք Էրդողանին ճանաչել ենք, գիտենք, կամ Թուրքիային, իսկ Ասադը՝ չգիտեր, կամ Ասադը չուներ իր կողքին այդ ամենը հստակ իմացող մի վստահելի մարդ:
Ենթադրենք Ասադը Էրդողանի հետ ոչ թե ջերմ հարաբերվում էր, այլ՝ բարեւ իսկ չէր տալիս, անունն անգամ չէր ուզում լսել՝ 2009 թվականին, 2010 թվականին: Եվ ի՞նչ, Սիրիայում չէ՞ր լինելու այն, ինչ եղավ:
Չէ՞ որ Սիրիայում կատարվածի պատճառն այն չէ, որ Ասադը իբրեւ թե միամիտ-միամիտ ընկերություն էր արել Էրդողանի հետ:
Եթե ասեք, որ Ասադը ժամանակին իշխանությունից հրաժարվելու տարբերակի մասին մտածելու դեպքում չէր ունենա այն, ինչ եղավ, դա արդեն կլինի իսկապես լուրջ խոսակցություն:
Այլապես, քանի օր է, մենք մեզ իմաստուն եզրակացություններ ենք անում ու ինքնագոհությամբ արձանագրում, թե մենք Թուրքիային ու Էրդողանին ճանաչում էինք, իսկ այն միամիտ Ասադը՝ ոչ:
🔴🔴🔴 Ընկերներ, մի հավատացեք որեւէ մի պնդման, թե Հայաստանի հարցով սա է Ռուսաստանի կարմիր գիծը, Իրանի կարմիր գիծը, սա է ԱՄՆ կամ Եվրամիության կարմիր գիծը, Ֆրանսիայի կարմիր գիծը, եւ այլն:
Մի հավատացեք, որովհետեւ Հայաստանում չկա որեւէ մարդ, որը գիտե, թե որն է այդ ուժային կենտրոնների, այդ գերտերությունների, այդ կայսրությունների կարմիր գիծը:
Ընդհանրապես, Հայաստանը շատ փոքր ու համեստ է, որեւէ մեկի համար կարմիր գիծ լինելու համար: Այդ կայսրությունները իրենց պատմության ընթացքում առաջ են գնացել, նահանջել են, պայմանավորվել են, գործարք են կնքել այս կամ այն տարածքի, գոտու, ռեգիոնի հաշվին, մեկը գուցե մի անգամ է նահանջել, մյուսը՝ մի քանի անգամ, բայց այդ վիճակագրությունը չի նշանակում ոչինչ:
Հայաստանն այդ իմաստով կարող է լինել որեւէ մեկի տասներորդ նահանջը, որեւէ մեկի՝ երկրորդ նահանջը: Կայսրությունը, գերտերությունը տարածությունն ու ժամանակը չափում է նվազագույնը տասնամյակներով եւ հազարավոր կիլոմետրերով, ոչ թե մեր նման՝ գյուղերով ու բլուրներով:
Միանգամից անջատեք կամ փոխեք ալիքը, երբ կլսեք, որ ինչ որ մեկը ձեզ կասի՝ Ռուսաստանը սա թույլ չի տա կամ ԱՄՆ սա թույլ չի տա, կամ Իրանը, եւ այլն, եւ այլն:
💥Ակնառու է, որ Բաքվի եւ Անկարայի միջեւ ընթանում են ինտենսիվ քննարկումներ: Վերջին երեք-չորս օրերին հեռախոսազրույցներ նախագահների մակարդակով, արտաքին գործերի նախարարների մակարդակով: Դրան անմիջապես հաջորդել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի այցը Բաքու եւ հանդիպումը պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի հետ, Ադրբեջանի սահմանային ծառայության պետի այցը Անկարա եւ հանդիպումը պաշտպանության նախարարի հետ, Նախիջեւանի համազորային բանակի հրամանատարի այց Անկարա եւ հանդիպում Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի հետ:
Այդ տեղեկությունների ֆոնին, այսօր նաեւ տեղեկություն է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի Անկարա կատարած այցի մասին, որտեղ նա հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների համար պատասխանատուի, նաեւ Թուրքիայի նախագահի արտաքին եւ անվտանգային հարցերի խորհրդականի հետ:
Ընդ որում նշվում է, որ Հաջիեւը նրանց հետ քննարկել է Հարավային Կովկասը եւ Մերձավոր Արեւելքը:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ Հաջիեւը Իսրայելում էր եւ այնտեղ բանակցել է այդ երկրի քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հաջիեւն այդ իմաստով կարող է լինել նաեւ կոմունիկացիա Իսրայելի ու Թուրքիայի միջեւ:
Ինչպես արտահայտվել եմ դեռեւս ամիսներ առաջ, չնայած Իսրայելի հանդեպ Էրդողանի կոշտ հռետորաբանությանը, այդուհանդերձ Թել Ավիվն ու Անկարան գործում են զգալիորեն «ունիսոն», թեկուզ չբարձրաձայնված տարբերակով:
Սա չի նշանակում, որ այդպես է Մերձավոր Արեւելքի բոլոր հարցերում, իհարկե: Եվ նույնը վերաբերում է նաեւ Կովկասին: Այսինքն, ամենեւին չենք կարող ինքնաբերաբար եզրակացնել, որ Իսրայելն ու Թուրքիան Կովկասին վերաբերող հարցերում լիովին համակարծիք են:
Վստահ չեմ, որ Էրդողանն այսօր ուզում է ապակայունացում Կովկասոււմ:
Այստեղ սակայն հարցն այն է, որ, երբ մենք դիտարկում ենք լարվածության հարցը, ապա ամենեւին պետք չէ դիտարկել միայն մասշտաբային ռազմական գործողության կամ պատերազմի վտանգը: Բացառելի չէ, որ Բաքուն ուզում է ստանալ թեկուզ սահմանային սահմանափակ գործողության «արտոնություն», այսպես ասած «պղտոր ջրում» թեկուզ «շերեփուկ» որսալու նկատառումով: Ամբողջ հարցն այն է, որ, օրինակ Իրանի եւ Ռուսաստանի համար դա չի լինի մեծ խնդիր՝ սահմանափակ սահմանային գործողությունը, հատկապես, եթե այն դուրս լինի իրենց պատասխանատվության տիրույթից: Իսկ, օրինակ այն, որ Հայաստանի իսկ դիմումով հայ-ադրբեջանական սահմանից դուրս են բերվել ռուս սահմանապահները, Ռուսաստանին զգալիորեն ազատում է սահմանային որեւէ լոկալ գործողության դեպքում պատասխաանատվությունից:
💥 ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայում նախատեսված չէ Պուտին-Փաշինյան հանդիպում եւ Փաշինյանին իրենք սպասում են տարեվերջին ԱՊՀ ու ԵՏՄ գագաթնաժողովների առիթով: Այսինքն, Պուտինի հետ հանդիպում կլինի այդ ժամանակ: Հանդիպումը կլինի այսպես ասած պաշտոնապես, թե ոչ, սա հարց է:
Այսօր Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստի առիթով՝ նիստը վարելու, քանի որ նախագահող երկիրը Հայաստանն է:
Կարո՞ղ էր Փաշինյանը չմեկնել: Ես ֆորմալ իմաստով եմ դիտարկում: Այս պահին չգիտեմ, թե արդյո՞ք վարչապետների խորհրդի նիստը կարող էր վարել օրինակ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որին Փաշինյանը ավելի վաղ գործուղել էր Մոսկվա:
Իմ կարծիքով, թերեւս միանգամայն հնարավոր էր, որ նիստը Փաշինյանը չվարեր: Ըստ իս, Փաշինյանը Մոսկվա է մեկնել ավելի շատ առիթն օգտագործելով, այլ ոչ բուն նիստը նախագահելու պատճառով:
Բուն պատճառը, ըստ իս, ռեգիոնալ նոր իրավիճակն է եւ հնարավոր միտումները: Սա իհարկե պնդումս չէ, այլ սուբյեկտիվ դիտարկումս: Ուշադրության է արժանի, որ այցը տեղի է ունենում անցնող օրերին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ նախագահների, արտգործնախարարների, իսկ հենց նախօրեին էլ ռազմական մակարդակով շփումների ֆոնին:
Իհարկե խոսքն այն մասին չէ, որ Փաշինյանն օգնության համար է գնացել Մոսկվա:
Հարկ է այդ իմաստով թերեւս արձանագրել մի բան, որ այսօր ըստ էության չկա որեւէ մայրաքաղաք, ուր Հայաստանը կարող է գնալ «օգնության հետեւից»:
Էսկալացիայի ռիսկեր չեզոքացնելու գործնական միակ տարբերակն այսօր առաջարկների միջոցով որեւէ իրավիճակ ձեւավորելն է: Այդ տեսանկյունից, Մոսկվա Փաշինյանի այցը հնարավոր է գուցե դիտարկել տարեվերջյան գագաթնաժողովների առիթով որեւէ հաղորդակցության նախապատրաստում Ալիեւի մասնակցությամբ:
🔥 Հատիկ առ հատիկ «ապօրինի գույքի» առնչությամբ:
Սա մի թեմա է, որը վերաբերում է ցանկացած պետության, պետականության համար հիմնարար մի խնդրի՝ սեփականության իրավունքի եւ դրա շուրջ հանրային ու քաղաքական հիմնարար կոնսենսուսի:
2018 թվականը Հայաստանում դրան գալու մի հնարավորություն էր, որը ոչ միայն բաց թողնվեց, այլ այդ հնարավորությունը լիովին հակառակ տրամաբանությամբ մսխվում է առ այսօր: 2018-ը գիծ քաշելու հնարավորություն էր, եւ գոնե ես դիտարկել եմ իրավիճակն այդպես եւ իմ ուժերի չափով, իր հրապարակումներով փորձել եմ օգտակար լինել այդ հնարավորությանը: Հենց դրա համար նաեւ պարբերաբար խոսել ու գրել եմ, որ պետք է դուրս գալ այդ «թալանի վերադարձի», «թավիշ-չթավիշի» թեմայից, որովհետեւ Հայաստաննի առաջ կան լրջագույն մարտահրավերներ:
Բայց, իրավիճակը գնացել է եւ շարունակում է գնալ այլ ուղղությամբ եւ այդ թեմաներն ու տրամաբանությունը քաղաքականապես շահագործվում են առ այսօր:
Երբ խորհրդային պետական-պլանային համակարգից անցում է կատարվում ազատական համակարգի, ապա կապիտալի նախնական կուտակման հետ կապված արատներն ու խնդիրները ըստ էության անխուսափելի են: Հաջողում են այն պետություններն ու հանրությունները, որոնք ոչ թե կարողանում են բացառել այդ խնդիրները, այլ կարողանում են կառավարել դրանք եւ դրանցից բխող մետաստազները, կամ պայմանական ասած՝ կարողանում են գալ գիծ քաշելու կետին եւ քաշում են այդ գիծը:
Նրանք, որոնք չեն կարողանում, հազար տարի ապրում են «թալանի վերադարձի» օրակարգով եւ առավելագույնը կարող են փոխվել «վերադարձնողները», բայց որեւէ կերպ չի փոխվի պատկերը, չի փոխվի հանրային սոցիալ-հոգեբանությունը, չեն փոխվի հասարակական-քաղաքական հարաբերությունների մոտիվներն ու որակը:
Որովհետեւ այդ մեծ փոփոխությունների հարցում հիմնարար հենակետերից մեկը դա սեփականության իրավունքի պաշտպանության հարցում լուծումների գալու վերնախավային կարողությունն է:
Երբ պետությունը չի դրսեւորում դրա կարողությունը, ապա դուրս է մնում համաշխարհային տնտեսական քարտեզններից: Իսկ պետության անվտանգային համակարգի հարցում դրանք առանցքային քարտեզներից են, որովհետեւ աշխարհաքաղաքականությունը ձեւավորող հիմնարար մոտիվներից են տնտեսական հարաբերությունները:
Երբ ընկալվում ես պետություն, որը իր ներսում ի վիճակի չէ հիմնարար լուծում տալ տնտեսական հարաբերություններին, որոնց անկյունաքարն է սեփականության պաշտպանության ինստիտուտի հարցում հանրային մեծ կոնսենսուսը, որին հնարավոր է գալ միայն ու միայն «գիծ քաշելու» ճանապարհով, աշխարհաքաղաքականության մեջ դադարում ես ընկալվել որպես գործընկեր:
💥 ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերիեշը Աֆրիկա կատարած այցից հետո հայտարարել է, որ աֆրիկյան երկու պետություն կդառնան ՄԱԿ ԱԽ մշտական անդամ: Գուտերեշը հայտարարել է, որ դա տեղի կունենա մինչեւ 2026 թվական իր պաշտոնավարման ավարտը:
Թե հատկապես որ երկրների մասին է խոսքը, ՄԱԿ ԳՔ-ն չի ասել, նշելով, որ դա կորոշեն Աֆրիկական միության երկրները: Նա հայտարարել է, որ առավել բարդ հարցերում տարակարծությունները հաղթահարվել են եւ կա կոնսենսուս:
Գուտերեշի հայտարարությունն իհարկե առաջին հերթին հարց է առաջացնում, թե արդյո՞ք ՄԱԿ ԱԽ մշտական անդամների ընդլայնման հարցում կա կոնսենսուս ներկայիս մշտական անդամների հնգյակի միջեւ, այսպես ասած՝ միջուկային հնգյակի միջեւ: Նրանց ներկայացուցիչները իհարկե խոսել են այն մասին, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է ենթարկել ռեֆորի եւ ընդլայնել մշտական անդամների կազմը, սակայն մի բան են հայտարարությունները, մեկ այլ բան իրական քաղաքականությունը, որտեղ արդեն անմիջական շահերն են:
Անկասկած է մի բան, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամների կազմում աֆրիկյան երկու պետության ընդգրկման հանգամանքը սրելու է պայքարն Աֆրիկայի համար, որն առանց այդ էլ վերջին տարիներին ընթանում է բավականին ակտիվ:
Հայաստանն իհարկե այդ պայքարի մասնակից չէ եւ չի էլ կարող լինել, սակայն աֆրիկյան ուղղությունը թերեւս պետք է դառնա դիվանագիտական առավել ակտիվ ուղղություններից մեկը: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ 2019 թվականին կայացված որոշումը՝ Եթովպիայում բացել Հայաստանի դեսպանատուն, կարեւոր է աֆրիկյան ուղղության տեսանկյունից ընդհանուր առումով: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ Եթովպիայում է նաեւ Աֆրիկական միության շտաբ-բնակարանը, հետեւաբար Եթովպիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը ֆունկցիոնալ առումով բնականաբար կլինի նաեւ Աֆրիկկական միության հետ աշխատանքային կապուղի: Շատ կարեւոր է իհարկե, թե ինչ որակով կիրականացվի այդ աշխատանքը:
Եթովպիայում Հայաստանի դեսպանը նշանակվել է 2024 թվականին:
💥 ԱԱԾ տարածած հաղորդագրությունը՝ հայ-թուրքական սահմանի Ռանչպար գյուղի հատվածում «ներթափանցման հավանական փորձի» վերաբերյալ «ստացված տվյալի» մասին, փոքր ինչ տարօրինակ է:
Օրինակ, որտեղի՞ց է ստացվել տվյալը: Ո՞վ է այդ «տվյալի» հեղինակը: Հայ-թուրքական սահմանի պահպանությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը: Այդ ծառայությու՞նն է տվյալը փոխանցողը: Ըստ իրավակարգավորման, եթե լինում է որեւէ բան, ապա պետք է տեղելացվի ԱԱԾ-ն: Բայց, այդ դեպքում կստացվի մի փոքր տարակուսելի պատկեր:
Պատկերացնենք, ՌԴ սահմանախահ ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին հայտնում է, որ՝ կարծես թե եղել է ներթափանցման փորձ: Բայց, չէ՞ որ այդ ծառայությունը այդտեղ է, որ կանխի այդպիսի փորձերը կամ ձերբակալի փորձ անողներին, այլ ոչ թե փորձի մասին տեղեկացնի Հայաստանի ԱԱծ-ին:
Այն էլ, ԱԱԾ-ն էլ հայտարարի, որ «ստացված տվյալը» ստուգելու համար իրականացվում են «օպերատիվ-հետախուզական» միջոցառումներ: Այսի՞նքն, որտե՞ղ են դրանք իրականացվում՝ սահմանի՞ն, որտեղ ծառայում են ՌԴ սահմանապահները, թե՞ արդեն սահմանամերձ շրջաններում, ինչը նշանակում է, որ ըստ էության գործ ունենք ներթափանցման հաջողված փորձի հետ:
Եթե տվյալը փոխանցողը ՌԴ սահմանապահները չեն, ապա ո՞վ է, որտեղի՞ց է տվյալը: Եթե այլ տեղից է, ապա սահմանապահնե՞րն ինչ էին անում:
Ավելին, ի՞նչ է նշանակում «ստացված տվյալների ստուգման համար իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»: Իսկ հանրությունն ի՞նչպես համոզվի՝ այդ միջոցառումները պատշաճ որակով են իրականացվե՞լ, թե՞ ոչ, եթե օրինակ հայտարարվի, որ տվյալները ստուգվել են եւ տեղեկությունը չի հաստատվել:
💥 Օրինակ, երբ հավաստիացրել ես, որ Արեւմուտքը թույլ չի տա Արցախի էթնիկ զտում, որ անգամ պատժամիջոցները պատրաստ են ու անմիջապես կկիրառվեն, եթե Ադրբեջանը գնա այդ քայլին, բայց Արեւմուտքը անգամ էթնիկ զտում ձեւակերպում չի օգտագործում, թվում է, թե կա բավականին արժանավայել մի տարբերակ:
Մասնավորապես, արձանագրել, որ Արեւմուտքը հիասթափեցրել է իր այդ կեցվածքով, որ, եթե օրինակ Ռուսաստանը հավատարիմ չի մնացել անվտանգության դաշնակցային պարտավորություններին, Արեւմուտքն էլ հավատարիմ չի մնացել այն արժեհամակարգին ու իրավական ստանդարտներին, որոնք դնում է Հայաստանի հետ հարաբերության հիմքում:
Դա նշանակու՞մ է մերժել Արեւմուտքի հետ հարաբերությունը հիմնահատակ: Իհարկե ոչ, համենայն դեպս ըստ տրամաբանության ու ողջախոհության: Դա պարզապես նշանակում է իրերը կոչել իրենց անունով ոչ միայն Ռուսաստանի, այլ բոլորի, այդ թվում Արեւմուտքի դեպքում: Իսկ դա հենց նշանակում է ինքնիշխանության սոցիալ-հոգեբանական եւ մտածողական բազային ընկալում:
Բայց, դրա փոխարեն մարդիկ ստանձնում են ինքնարդարացման, ընդ որում զավեշտալի ձեւակերպումներով ինքնարդարացման տարբերակը: Սակայն, բանն իհարկե ամենեւին ծիծաղելի չէ, եթե հիմա էլ նույն կերպ հավաստիացնում են, որ Արեւմուտքը ոչ մեկին չի տա Սյունիքի ճանապարհները: Նկատենք, ոչ թե մենք չենք տա ոչ մեկին, այլ՝ Արեւմուտքը ոչ մեկին չի տա:
Ընդ որում, համոզված եմ, որ այդօրինակ վարքագիծն առաջին հերթին անլուրջ է դիտարկվում հենց Արեւմուտքում: Թեեւ որեւէ տեղ չի էլ կարող լուրջ դիտարկվել քաղաքականությունը «սպասարկման եւ ծառայության» սկզբունքով ընկալելը:
Ինչպես տնտեսության մեջ ծանր հրետանին արդյունաբերությունն է, քաղաքականության մեջ էլ ծանր հրետանի են դառնում այն սուբյեկտները, որոնք կարողանում են ստեղծել օրակարգ, այսինքն «արդյունաբերել» քաղաքականություն:
Եվ այստեղ էլ շատ կարեւոր են սկզբունքները, որոնք էական են տնտեսության մեջ՝ համբերատարություն, երկարաժամկետ պլանավորման իմաստնություն եւ ստրատեգիական հոգեբանություն:
Դա է գնահատվողը, գուցե դանդաղ, գուցե դժվար, գուցե հոգեմաշ, բայց գնահատվողն ու համակարգաստեղծը:
💥 Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում պաշտպանության նախարար Հասանովի հետ հանդիպմանը քննարկում է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակ: Հասանովը զեկուցում է, թե ինչպիսին է իրավիճակը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերն ի՞Նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը: Ֆորմալ իմաստով՝ ոչ մի: Բայց, ոչ ֆորմալ առումով, Հայաստանի հանդեպ Բաքվի որեւէ սահմանային ռազմական գործողություն ուղեկցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, առնվազն Թուրքիայի տարածքից օդային ու հրամանատարային օդային աջակցությամբ:
Հետեւաբար, երբ Բաքվում Հասանովը քննարկում է «սահմանային օպերատիվ իրավիճակը» Թուրքիայի ՌՕՈՒ հրամանատարի հետ, ապա, եթե այդ քննարկումը պարզապես արարողակարգ չէ, ուրեմն գործնական պարագայում կարող է ունենալ հենց վերը նշածս տրամաբանությունը:
Ընդ որում, պետք է ուշադրության արժանացնել, որ անցնող օրերին Բաքուն Անկարայի հետ հաղորդակցվել է այսպես ասած երեք շերտով: Նախ Էրդողան-Ալիեւ մակարդակով, դրա հաջորդ օրը Ֆիդան-Բայրամով արտգործնախարարական մակարդակ, եւ այսօր փաստորեն ռազմական մակարդակով:
Միարժեք եզրակացնել, որ անպայմանորեն քննարկվում է որեւէ ռազմական սադրանքի հարց, իհարկե ճիշտ չէ, սակայն հավանականությունը կարող է լինել բավականին բարձր: Հատկապես, որ թուրք-ադրբեջանական այդ շփումները փաստորեն տեղի ունեցան ադրբեջան-իսրայելական շփումներից անմիջապես հետո:
Ես դրան անդրադարձել եմ, պարզապես հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը Օրեր առաջ Իսրայելում էր եւ հանդիպես այդ երկրի քաղաքական ղեկավարներին: Իսկ Իսրայելի համար Ադրբեջանը բնակաաբար ունի հակաիրանյան պլացդարմի նշանակություն: Թեեւ այստեղ իհարկե դա խնդրի կամ պատկերի նեղ շրջանակն է: Իսրայելը բոլորովին դեմ չէ Ադրբեջանի միջոցով ընդհանրապես ազդեցություն ունենալ Կովկասում, Կասպիցում, ինչպես նաեւ հեռանկարում դեր ունենալ Կենտրոնական Ասիային առնչվող հարցերում:
Այդ իմաստով, Ադրբեջանի որեւէ սադրանք իրենք կարող են դիտարկել ոչ թե անմիջապես Իրանին թիրախավորելու համատեքստում, այլ Ռուսաստանին եւ Իրանին առնվազն լարելու եւ այդ կերպ քաղաքական որեւէ բան կորզելու: Նույնը նաեւ Թուրքիայի պարագայում:
Բացառելի չէ եւ այն, որ այս շարժերը կարող են լինել ցուցադրական-հոգեբանական ճնշման տրամաբանության մեջ, իսկ անմիջական ռազմական գործողության՝ չվերածվել:
⚡️⚡️⚡️ Բայց մտածել միայն, թե ով կամ ինչն է այսօր զբաղեցնում Հայաստանի հասարակական եվ քաղաքական օրակարգը, կլանում հանրային ուշադրությունը, ձեւավորում մեդիահոսքերը։ Ըստ էության տեղի է ունենում հանրային կարծիք երեւույթի, հասկացության ոչնչացում։ Որովհետեւ կարծիքի ենթակա կարող է լինել բովանդակությունը, որն ունի գաղափարական "սկիզբ", արժեհամակարգային "կուլմինացիա" եվ բարոյական "ավարտ"։ Այն, ինչ այսօր Հայաստանում է զբաղեցնում հանրային ուշադրությունը, ծայրից ծայր զուրկ է այդ ամենից։
Читать полностью…💥 Լիլիթ Հարությունյանի հետ զրույցի տեսագրության պահին հայտնի չէր, որ Ասլանյանը «փոշմանել» է: Եվ իհարկե այդ պահին հայտնի չէր նաեւ այսօր տեղի ունեցած երկու իրադարձություն՝ Օրբան-Պուտին հեռախոսազրույց եւ Մակրոն-Իվանիշվիլի հեռախոսազրույց: https://youtu.be/Vw8TPCOc7OY?si=EZkSuOM6sKicFvwg
Читать полностью…💥💥 Հիշու՞մ եք գրառումս: Այսօր տեղեկություն է ստացվել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի կառավարող ուժի առաջնորդ, Վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու հետ: Ըստ տեղեկատվության, Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վրաստանի իրավիճակը լիցքաթափելու հարցում:🇫🇷🇬🇪
Читать полностью…💥 Գործնականում, Տրամպը Նահանգներում բախվելու է իր վարչակազմի ձեւավորման եւ գործունեության շատ լուրջ խնդիրների հետ: Արդեն իսկ նկատելի է, որ նրա քաղաքական-գաղափարական «դավանանքի» հակառակորդները, որ պայմանական կարող ենք ասել՝ ձախ ուլտրալիբերալ գլոբալիստներ, սկսելու են թիրախային արշավ՝ վարչակազմի ձեւավորման դեմ:
Օրինակ, Ռոբերտ Քենեդի կրտսերին առողջապահության նախարար նշանակելու Տրամպի մտադրության դեմ արդեն կոլեկտիվ նամակ են գրել 77 նոբելյան մրցանակակիրներ: Տրամպը հայտաարարել էր, որ Քենեդուն այդ պաշտոնին է ուզում նշանակել առողջապահության համակարգում կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու, համակարգը «ոսկե ստանդարտի» վերադարձնելու համար:
Հայտնի է, թե ԱՄՆ-ում ինչ հսկայական փողեր են շրջանառվում առողջապահության համակարգում՝ ապահովագրության սխեմաների ներքո: Ըստ էության, առողջապահության համակարգը Նահանգներում ամենակոռումպացվածներից մեկն է, որտեղ մսխվում են հսկայական փողեր: Հատկանշական է, որ Տրամպի թեկնածուն Քենեդին է, քանի որ խնդրի լուծումը պահանջելու է նախ եւ առաջ քաղաքական հաստատակամություն:
Տրամպը խնդիրների է բախվելու նաեւ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնին Թուլսի Գաբարդի նշանակման հարցում: Արդեն իսկ նրա դեմ էլ սկսել է արշավ: Ընդ որում, այստեղ հարկ է առավել ուշադրության արժանացնել այն, որ այդ արշավին թերեւս իրենց ռեսուրսներով ԱՄՆ-ում կմիանան նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը:
Այստեղ կարող է թվալ, որ դրա պատճառն այն է, որ Գաբարդը օրինակ 2017 թվականին այցելել է Արցախ, երբ կոնգրեսական էր: Սակայն, սա կլինի մեր զգայական գնահատականը: Թուրքիայի եւ Ադրբեջանի համար խնդիր այլ տեղ է: Նրանց համար խնդիրն այն չէ, որ Գաբարդը «հայամետ» է: Դա մեր պարզունակ չափումների շրջանակն է:
Թուրքիային ու Ադրբեջանին անհանգստացնողը այն է լինելու, որ Գաբարդը Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերության կողմնակից է: Իսկ Անկարային ու Բաքվին պետք չէ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերության այսպես ասած կառուցողական կամ հանդարտ, թեկուզ համեմատաբար, հարաբերականորեն հանդարտ ռեժիմը: Հետեւաբար, նրանց խնդիրն է անել հնարավորը՝ Տրամպի վարչակազմում այդպիսի տրամադրվածություն ունեցող որեւէ գործչի հայտնվելու դեմ: Ադրբեջանական պրոպագանդան արդեն իսկ լծվել է այդ գործին, ներկայացնելով իբրեւ թե տվյալներ, որ Գաբարդը 2017-ի Արցախ այցի ընթացքում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչների:
Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հակադրության ռեժիմի նվազեցումը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար նվազեցնելու է այդ հակադրության վրա խաղի տարածությունը:
⚡️ Ռուսաստանը Ասադին չի արտահանձնի որեւէ այլ երկիր, եթե Միջազգային քրեական դատարանը կայացնի նրան ձերբակալելու որոշում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը:
Ես համենայն դեպս Ասադի փոխարեն չէի լինի այդ հարցում վստահ: 😜
💥 Երբ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է, թե Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության հասնելու հարցում հասել ենք «ամենամոտ կետին», սա ավելի շշուտ մտահոգիչ է, քան հուսադրող:
Մտահոգիչ է, որովհետեւ «ամենամոտ կետին» հասնելու դեպքում կամ լինում է խաղաղություն, կամ՝ չլինելու դեպքում այն սկսում է հեռանալ եւ գործընթացը սկսում է շարժվել դեպի ռազմմական էսկալացիա տանող «ամենամոտ կետ»:
Պարզ է չէ՞, որ «ամենամոտ կետում» խաղաղություն չլինելու, դրան չհասնելու պարագայում Անկարան անհաջողության համար Բաքվին չէ, որ մեղադրելու է կամ պատճառաբանելու, այլ՝ Հայաստանին:
Ահա, թե ինչու է մտահոգիչ, երբ հատկապես Թուրքիայի արտգործնախարարն է հայտարարում, թե հասել ենք խաղաղության «ամենամոտ կետին»:
Աննկասկած, տգետ պետք է լինել, որպեսզի մերժես խաղաղությունը: Բայց, նաեւ տգիտություն է ամեն գնով խաղաղության գնալը, որովհետեւ այդ դեպքում գինը բարձրացնելու են ավելի ու ավելի: Այլ կերպ ասած, խաղաղության հարցը բավականին բարդ հարց է, եւ դրա համար է, որ այն «արագացումը», որ չգիտես ինչպես տրվեց այս գործընթացին, բոլորովին օգտակար չէր Հայաստանի համար:
Այդ արագացումը Հայաստանին դնում է կամ խաղաղության՝ իրեն թելադրվող պայմաններն ընդունելու, կամ ապակայունացման ռիսկի առաջ:
Ահա թե ինչու նաեւ շատ հմտորեն «մեջտեղից» դուրս եկան բոլոր միջնորդները, մինչ Հայաստանում հասարակությանը զբաղեցնում էին անիմաստ քննարկումներով, թե որ հարթակից է Բաքուն վախենում, իսկ որից՝ ոչ: